Նավալնիին Գերմանիա տեղափոխելու համար հատուկ բժշկական ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկի օդանավակայանում

13:11 • 21.08.20

Գերմանական հատուկ բժշկական ինքնաթիռը, որը մեկնել է երկրից վերակենդանացման բաժանմունքում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին Գերմանիա տեղափոխելու համար, վայրէջք է կատարել Օմսկի օդանավակայանում, վկայում են FlightRadar կայքի տվյալները:

Ավելի վաղ գերմանական Bild թերթը հայտնել էր, որ ինքնաթիռը Նյուրնբերգի օդանավակայանից մեկնել է գիշերը: ԶԼՄ-ները ենթադրում են, որ Նավալնիին կտեղափոխեն Բեռլինի «Շարիտե» կլինիկա:

FlightRadar ծառայության ինտերակտիվ քարտեզի տվյալների համաձայն՝ Bombardier Challenger 604 ինքնաթիռը Նյուրնբերգից մեկնել է տեղական ժամանակով ժամը 03.12-ին և տեղական ժամանակով ժամը 12.10-ին վայրէջք կատարել Օմսկի օդանավակայանում։

Թեև ինքնաթիռի ժամանմանը, Օմսկի №1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին հայտարարել է, որ առայժմ նույնիսկ հարազատների պատասխանատվության ներքո անհնար է ընդիմադիր գործչի տեղափոխումը։

«Մենք չենք կարող թույլ տալ Նավալնիի տեղափոխումը հարազատների պատասխանատվության ներքո, եթե մարդու կլինիկական ցուցումները մեզ մոտ մտավախություն են առաջացնում»,- լրագրողներին ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե տեղափոխման դեպքում ինչ կարող է պատահել ընդդիմադիր գործչին, բժիշկն ասել է, որ «ամեն ինչ, նույնիսկ ամենացավալին»։

Նրա խոսքով՝ եթե հիվանդի վիճակը կայուն գնահատվեր, նրանք տեղափոխման հարցում առարկություն չէին ունենա։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրենք պատրաստ են բուժօգնություն ցույց տալ նաև գերմանական հիվանդանոցներում, սակայն դրա համար դիմում պետք է ստացվի Ռուսաստանից:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը երեկ Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:

Մի շարք լրատվականներ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով: 

Հաղորդվել էր նաև, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։