Պետական աշխատողները տանը նստած աշխատավարձ էին ստանում, իսկ մեզ ասում էին՝ դուք օդից եք կախված. Կառավարությունը չի կանգնում ժողովրդի կողքին. Մարալիկի ծննդատան բուժաշխատող
Մենք մեր դիրքերում ենք եղել, 24 ժամ պարտաճանաչ, անտրտունջ աշխատել ենք, տնօրենից գումար չենք պահանջել, որովհետև մտածել ենք՝ այս հարցը վաղ թե ու ուշ կլուծվի, բայց այս իրավիճակից բոլորս զարմացած ենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մարալիկի ծննդատան աշխատակիցներից մեկը՝ խոսելով Մարալիկի ծննդատան փակվելու մասին որոշման և 7 ամիս աշխատավարձ չստանալու մասին:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։ Ըստ այդ որոշման՝ ծննդատների ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները պետք է լուծարվեն։ Մարալիկի ծննդատան աշխատակիցները պայքարեցին ծննդատան փակվելու դեմ, որի արդյունքում ծննդատունը չփակվեց, սակայն այլևս չի ֆինանսավորվում:
«Կառավարության որևէ պաշտոնյա, որը յոթ ամիս աշխատավարձ չստանա, կարո՞ղ է իր ընտանիքը պահել: Ես ուսանող երեխա ունեմ, ո՛չ աշխատավարձ եմ ստացել, ո՛չ նպաստառու եմ, ո՛չ թոշակառու եմ, ո՛չ Կառավարության աջակցության ծրագիր եմ ստացել: Պետական աշխատողները, տանը նստած, աշխատավարձ էին ստանում, իսկ մեզ ասում էին՝ դուք օդից եք կախված: Նույն ժամանակ մեր ամուսիններին չեն թողնում, որ գնան Ռուսաստան աշխատեն»,- ասաց աշխատակիցը:
Նա պատմեց, որ օրեր առաջ ծնունդ է ընդունել և եթե նա ծնունդը չընդուներ ու ծննդկանին տեղափոխեին այլ բուժհաստատություն, ապա երեխան մեծ խնդիրներով կծնվեր, և Կառավարությունը որևէ պատասխան չէր կարող տալ, քանի որ նրա խոսքով՝ Կառավարությունը ձեռքերը լվացել է և չի կանգնում ժողովրդի կողքին:
Աշխատակցի խոսքով՝ այն պատճառաբանությունները, որոնք բերում էր նախարարությունը, որի պատճառով պետք է ծննդատունը փակվեր, արդեն լուծվել է, սակայն այսօր որևէ մեկը չի գալիս ստուգելու և պատճառ են բերում, թե կորոնավիրուս է, ստուգել չենք կարող:
«Գալիս է պահ, որ ես ուզում եմ դիմում գրել և հեռանալ աշխատանքից, բայց իրենց ուզածն էլ դա է, իսկ մենք պայքարելու ենք մինչև վերջ, նրանք ասում են՝ աշխատավարձ չստանան, տեսնենք՝ ինչքան են աշխատելու: Մենք աշխատելու ենք, թող Կառավարությունն էլ իմանա, որ մենք բարեգործ ենք, ամեն մեկն իր աշխատանքի պատասխանը կստանա, նրանք են վերևում իրենց աթոռներին նստել, բայց կգա ժամանակ, որ իրենց սխալը կհասկանան»,- շեշտեց նա:










