Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայային օգնել է արտասահման մեկնելու հարցում

19:48 • 21.08.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ընտրություններում իր գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայային օգնել է արտասահման մեկնելու հարցում, գրում է БелТА-ն։ 

Լուկաշենկոն ընդգծել է, որ Տիխանովսկայան անձամբ է իրենից օգնություն խնդրել այդ հարցում։ 

«Նորմալ կին է, սիրում է իր երեխաներին։ Բայց նրան փոշու մեջ են նետել ․․․արտգործանախարարությունը (Լիտվայի), հատուկ ծառայությունները մոլորեցրել են նրան»,- նշել է պետության ղեկավարը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Տիխանովսկայան այսօր նոր տեսաուղերձ է հղել, որում կոչ է արել բելառուսական ձեռնարկությունների աշխատակիցներին շարունակել գործադուլները, որպեսզի «ստիպեն իշխանություններին լսել մեր ձայները, որոնք նրանք մեզնից գողացել են»:  

«Իմ թանկագին բելառուսներ, ձեռնարկությունների աշխատակիցներ, դուք մեր նոր, ազատ Բելառուսի խորհրդանիշն եք: Մենք ուժ ենք, որը կարող է փոխել և արդեն փոխում է մեր երկրի ապագան: Եկել է համախմբվելու ժամանակը: Դուք վախեցրել եք բռնապետությանը, նա դողում է վախից ձեր, ձեր ուժի և առնականության առաջ»,- ասել է Տիխանովսկայան ուղերձում՝ հավելելով, որ գործադուլներն «անկյուն են քշել բռնապետությանը, հարված հասցրել ուղիղ սրտին»:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ Ինչպես հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ: