Ես իմ զինվորին ոչնչով չեմ կարողանում օգնել, աշխատավարձ չեմ ստանում. Մարալիկի ծննդատան բուժաշխատողները 7 ամիս աշխատավարձ չեն ստացել (տեսանյութ)

12:38 • 21.08.20

Մենք այստեղ արդեն փորձառու աշխատողներ ենք, այսքան ժամանակ որևէ խնդրի առաջ չենք կանգնել, մենք չենք կարող գնալ այլ տեղ աշխատել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մարալիկի առողջության կենտրոնի» ծննդատան մանկաբարձներից մեկը՝ խոսելով ծննդատանը ստեղծված իրավիճակի և աշխատավարձ չստանալու մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ձմռանը որոշում էր կայացրել ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցնելու մասին, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։

Ըստ այդ որոշման՝ ծննդատներում ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի, և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները պետք է լուծարվեն։ Մարալիկի ծննդատան աշխատակիցները պայքարեցին ծննդատան փակվելու դեմ, որի արդյունքում ծննդատունը չփակվեց, սակայն այլևս չի ֆինանսավորվում:

Նշենք, որ առաջարկներ են եղել, որ Մարալիկի ծննդատան աշխատակիցները գնան մոտակա այլ բուժհաստատություններում աշխատեն, սակայն, ըստ մանկաբարձի՝ դա հնարավոր չէ:

«Ո՞վ իր աշխատանքը կտա, որ ես գնամ իր փոխարեն աշխատեմ, գոնե մեր ունեցածը պահեինք: Մենք հիմա մի կերպ ենք ապրում: Ես զինվորի մայր եմ, բայց անգամ իմ զինվորին, արդեն քանի ամիս է` չեմ կարողանում ոչնչով օգնել»,- ասաց նա:

Մարալիկի ԱԿ-ի աշխատակիցներից մեկն էլ նշեց, թե դիմել են Շիրակի մարզպետին, որը պատասխանել է, թե ինքը չէ ֆինանսավորողը: Աշխատակցի խոսքով` այդ մասին իրենք գիտակցում են, սակայն անհասկանալին այն է, որ Մարալիկի ծննդատունը նորմալ գործում է, ծնունդներ ընդունում է, սակայն Առողջապահության նախարարությունը չի ֆինանսավորում: Նրա դիտարկմամբ` բուժաշխատողները աշխատանքի են գալիս, ու կապ չունի, թե պետպատվեր կա կամ չկա, նա պետք է աշխատավարձ ստանա:

«Յոթ ամիս մարդը աշխատավարձ չի ստացել, և ոչ մեկին չի հետաքրքրում, թե նա ինչպես է ապրում: Մենք դիմել ենք նախարարություն, բայց ոչ մի դրական պատասխան, ոչ մի արձագանք: Ծննդատունը պետք է գործի, մեր ակցիայի նպատակն այն է, որ գտնենք ճանապարհ՝ աշխատակիցների աշխատավարձը հայթայթելու»,- ասաց նա և հավելեց, որ մոտ 12 միլիոն դրամ պոլիկլինիկան պարտք է ծննդատան աշխատակիցներին:

Մանրամասները՝ տեսանյութում: