Մարալիկի ծննդատան աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու քննարկում չի եղել. սպասում ենք Կառավարության դիրքորոշմանը ծննդատունը փակել-չփակելու վերաբերյալ. Շիրակի փոխմարզպետ (տեսանյութ)

14:16 • 21.08.20

Ես նոր տեղեկացա, որ իբր քննարկվելու է Մարալիկի ծննդատան աշխատակիցներին աշխատանքից ազատելու հարցը: Նման քննարկում չի նախատեսվել այսօր և մոտ ապագայում չկա նախատեսված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը՝ անդրադառնալով ծննդատան աշխատակիցների այն մտահոգությանը, թե նպատակ կա աշխատակիցներին աշխատանքից ազատել: 

«Ես չգիտեմ, թե այդ տեղեկությունը որտեղից է եկել, մեզ մոտ նման քննարկում չի եղել, մեզ մոտ տնօրենն է հրավիրվել, որպեսզի ֆինանսիստի հետ ընթացիկ ֆինանսական և իրավաբանական հարցեր քննարկեն և հստակեցվեն: Այս ամենը աշխատանքային տիրույթում է և աշխատողներին աշխատանքից ազատելու հետ կապված չէ»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ մարզպետարանի նպատակն այն է, որ որևէ աշխատատեղ չփակվի և հիմա սպասում են Առողջապահության նախարարության պատասխանին, որպեսզի հասկանան՝ ինչ դիրքորոշում ունի Կառավարությունը Մարալիկի ծննդատունը փակելու կամ չփակելու վերաբերյալ: Գրիգորյանը հիշեցրեց, որ ծննդատանը թերություններ են եղել, որոնք հիմա շտկվել են, և սպասում են, որ նախարարությունից այցելեն և գնահատական տան ծննդատան աշխատանքին:

«Մենք համարում ենք, որ բուժհաստատությունն արդեն համապատասխանում է բոլոր նորմերին և պատրաստ է աշխատել: Այս իրավիճակում շատ է խանգարում համավարակի առկայությունը, պետք  է մի փոքր համբերատար լինենք, սպասենք նախարարության կամ Կառավարության դիրքորոշմանը»,- նշեց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է կարգավորվելու այն հարցը, որ ծննդատան աշխատակիցներին մոտ 12 միլիոն դրամ պետք է տրամադրվի, Գրիգորյանը պատասխանեց, որ մասնագետները քննարկում են, տնօրենին խորհուրդներ կտան, և եթե բուժհաստատությունը չկարողացավ կարգավորել խնդիրը, ապա արդեն Կառավարությունը պետք է որոշում ընդունի, թե  կուտակված պարտքի մասով ինչ է լինելու: «Մենք սպասողական վիճակում ենք, լիարժեք պատասխան տալ չեմ կարող, քանի որ ձեռքիս տակ վերադասիս պատասխանը չունեմ»:

Նա նշեց, որ իրենց լիազորությունների շրջանակներում Առողջապահության նախարարությանը դիմել են, որպեսզի գան ու ստուգում անցկացնեն ծննդատանը, բայց մնացած հարցերը նախարարությունն է որոշում:

Աշխատավարձ չստանալու և ծննդատունը լուծարման եզրին հասնելու վերաբերյալ Գրիգորյանը շեշտեց, որ աշխատակիցները Աշխատանքային օրենսգրքի համաձայն պետք է վարձատրվեն, գոնե նվազագույն աշխատավարձի չափով և եթե խախտվել է աշխատողի իրավունքները նա պետք է դիմի դատարան և վերականգնի իր իրավունքերը:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ձմռանը որոշում էր կայացրել ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցնելու մասին, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։ Ըստ այդ որոշման՝ ծննդատներում ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի, և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները պետք է լուծարվեն։ Մարալիկի ծննդատան աշխատակիցները պայքարեցին ծննդատան փակվելու դեմ, որի արդյունքում ծննդատունը չփակվեց, սակայն այլևս չի ֆինանսավորվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Մարալիկի ծննդատան աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու քննարկում չի եղել. սպասում ենք Կառավարության դիրքորոշմանը ծննդատունը փակել-չփակելու վերաբերյալ. Շիրակի փոխմարզպետ (տեսանյութ)