Սևանա լճում սիգի որսի արգելքի դեմ բողոքող ձկնավաճառները բացեցին Սևան-Երևան մայրուղին (տեսանյութ)
17:41
Մեր ակցիան առաջացել է այս անհասկանալի իրավիճակից, մեկ կիլոգրամ ձկան համար վճար են սահմանում, արգելում են լիճ մտնել ու նման բաներ, հիմա մենք մեր առաջարկներն ունենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սևանի ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը:
Հիշեցնենք, որ Երևան-Սևան մայրուղին իրենց ավտոմեքենաներով փակած ձկնորսները դժգոհում են, որ իրենց արգելել են ձուկ որսալ, որի մասին հայտնել էր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Մենք առաջարկում ենք, որ լիճ մտնողին կոդ տրամադրեն, մենք ամեն ամիս մուծում կատարենք, մեր ձուկը բռնենք»,- ասաց նա և պատասխանելով այն մտահոգությանը, թե ձուկ որսալու պատճառով լիճը կանաչում է, շեշտեց՝ այդ հարցում կապ ունի հանքերի շահագործման գործոնը, ափերը չմաքրելու փաստը և այլն:
«Մաքրման աշխատանքերը նորմալ չարեցին, փողերն իրենց գրպանում դրեցին, նախկին Կառավարության ժամանակ ազգային պարկի կառավարողներին թող բերեն, հարցնեն՝ ինչի՞ է այսպես եղել: Ով զարթնել, ասել է, թե Սևանում մնացել է մեկ տոննա սիգ, ուրեմն այդ օրն ուղղակի այդ թիվն է մտքով անցել»,- նշեց ձկնորսը:
Ի պատասխան խոսակցություններին, թե ձկնորսները էլեկտրահարում են ձկներին, վերջինս ասաց, որ նման բան չկա, ձկները բռնվում են ցանցերով և լճում սիգի քանակը շատ է:
«Ճանապարհը հիմա բացել ենք, որովհետև մեզ խոստացել են, որ Կառավարությունում նիստ է լինելու, որոշելու են ու ասեն՝ մեր պահանջներին համաձա՞յն են, թե ոչ: Սա մեկ մարզի հարց է, պե՞տք է ապրի այս մարզը, թե ոչ»,- ընդգծեց նա:
16:47
Երևան-Սևան մայրուղին իրենց ավտոմեքենաներով փակած ձկնորսները դժգոհում են, որ իրենց արգելել են ձուկ որսալ:
Ականատեսները հայտնում են, որ Երևան-Սևան մայրուղու երթևեկությունը երկկողմանի կաթվածահար է եղել:










