ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Ռուսաստան և Լիտվա կմեկնի՝ Բելառուսում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով. Reuters

02:54 • 22.08.20

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստեֆան Բիգանը կմեկնի Ռուսաստան և Լիտվա՝ Բելառուսում ստեղծված իրավիճակը քննարկելու, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղեկատվությունը տարածած երկու աղբյուրի:

Աղբյուրներից մեկը՝ բարձրաստիճան նախկին պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ ԱՄՆ 2-րդ դիվանագետն իր այցը Մոսկվա և Վիլնյուս նախատեսում է առաջիկա օրերին, իսկ Լիտվայի մայրաքաղաք այցը պայմանավորված է նրանով, որ այդտեղ է այժմ գտնվում Բելառուսի նախագահական վերջին ընտրություններում որպես ընդդիմության թեկնածու առաջադրված Սվետլանա Տիխանովսկայան:

ԱՄՆ-ը և ԵՄ-ն կոշտ են արձագանքել Բելառուսում տեղի ունեցած հետընտրական զարգացումներին՝ անընդունելի համարելով ընտրությունների արդյունքների կեղծելն ու ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը: Եվրամիությունը Բելառուսի գործող և, ըստ պաշտոնական տվյալների, վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա մերձավորների նկատմամբ պատժամիջոցներ է նախապատրաստում:

Իսկ Լուկաշենկոն երկրում ստեղծված իրավիճակը կարգավորելու հարցում օգնության խնդրանքով Ռուսաստանի նախագահի է դիմել: Վերջինը օգնելու պատրաստակամություն հայտնել է, բայց Մոսկվայից նաև հայտնել են, որ այս պահին դեռ չկա նման անհրաժեշտություն:

Այս ամենի հետ մեկտեղ Ռուսաստանն Արևմուտքին զգուշացնում է Բելառուսում տեղի ունեցողին խառնվելու անընդունելիության մասին, իսկ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն՝ Մոսկվային են մեղադրում Բելառուս ներթափանցելու փորձերի համար: