«Սևան ազգային պարկ»-ում շուրջօրյա պահնորդական հատուկ ստորաբաժանման համար ընտրվել է 24 աշխատակից․ ՇՄ նախարար

22:38 • 22.08.20

«Սևան ազգային պարկ»-ում նոր կազմավորվող՝ առափնյա և ջրային շուրջօրյա պահնորդական հատուկ ստորաբաժանման հայտերի ընդհանուր քանակն ավելի քան 230 էր (3 օրվա ընթացքում), որոնցից ընտրվեցին 24 աշխատակիցներ՝ սահմանված չափորոշիչներին առավել համապատասխանող տվյալներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Այսօր ազգային պարկի «Սևան» տեղամասում հանդիպեցի ընտրված աշխատակիցների հետ՝ ծանոթության և առաջադրվող խնդիրների մասին մանրամասն զրույց ունենալու նպատակով։ Վստահ եմ՝ արդյունքները շատ շուտով զգացնել կտան։

Վերադարձին այցելեցի Կոտայքի առաջնորդանիստ Կեչառիսի Վանական Համալիր, Ծաղկաձոր։

Հ.Գ. Ուրախալի լուրով կիսվեմ՝ այս պահին Ծաղկաձորի հյուրանոցներում ավելի քան 90% հագեցվածություն կա. այդ թվում՝ համավարակի սկզբին որպես մեկուսարաններ ծառայած հաստատություններում։ Դրանց մի մասը նաև մասնակի կամ կոսմետիկ նորոգում են իրականացրել։

Այս օրերին շուրջ 5.700 անկողին/տեղ հյուրընկալության կարողություն ունեցող Ծաղկաձորում ազատ համարներ չեք գտնի։

Կարող ենք ասել՝ Ծաղկաձորի հյուրանոցային բիզնեսի ոլորտն արդեն թոթափում է համավարակով պայմանավորված՝ տնտեսական ժամանակավոր դժվարությունները և սկսում է նոր շունչ առնել»,- գրել է նա։