Մահաթմա Գանդիի ակնոցը Մեծ Բրիտանիայում վաճառվել է 340․000 դոլարով

20:16 • 22.08.20

Ժամանակակից Հնդկաստանի «հայր-հիմնադիր», Մեծ Բրիտանիայից անկախության պայքարի գաղափարախոս, քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիին պատկանած ակնոցը վաճառվել է 260․000 ֆունտ ստերլինգով (340․000$):

Ինչպես փոխանցում է BBC News-ը, վաճառքն իրականացրել է բրիտանական East Bristol Auctions աճուրդի տունը օգոստոսի 21-ին: Վերջին տիրոջն ակնոցը բաժին էր հասել հորեղբորից, որը 1910-1930 թվականներին աշխատել էր Հարավային Աֆրիկայում, երբ այնտեղ էր գտնվում նաև Գանդին:

Ինչպես երևում է, վաճառողն ինքը տեղյակ չի եղել, որ ակնոցը կարող է նման արժեք ունենալ: Նա ակնոցը ծրարով թողել էր աճուրդի տան փոստարկղում՝ կից գրառում թողնելով. «ակնոցը Գանդիին է պատկանել, զանգահարեք ինձ»:

Աճուրդի տան ներկայացուցչի խոսքով՝ դա իրենց մոտ երբևէ գտնված ամենահայտնի ակնոցն է և երբևէ վաճառված ամենաարժեքավոր պատմական իրը: