«Ինչպիսի ամոթ մեր երկրի համար». Փայլանը՝ Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո ևս մի բյուզանդական եկեղեցի մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշման մասին (լուսանկարներ)
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ստամբուլի Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո նաև Քարիյե անունով հայտնի և 1945-ից թանգարանի կարգավիճակ ունեցող Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշմանը:
«Ինչո՞ւ այս ձգտումը չի ավարտվում, երբ ամենուր այսքան շատ մզկիթներ կան... Ինչպիսի ամոթ մեր երկրի համար...»,- գրել է Կարո Փայլանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թուրքիայի կառավարությունը Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո որոշել է մզկիթի վերածել նաև Քարիյե անունով հայտնի և 1945-ից թանգարանի կարգավիճակ ունեցող Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։
Հաղորդվում է, որ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետական խորհուրդը, որոշել է այն մզկիթի վերածել 2019 թվականին՝ համարելով, որ 1945 թվականի նախարարության որոշումը, որը հանգեցրել է շենքի՝ թանգարանի վերածմանը, անօրինական է: Պետական խորհրդի որոշումը չի կատարվել մինչ երեկ, երբ հրապարակվել է նախագահի հրամանագիրը:
Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը «ՌԻԱ Նովոստիին» հաստատել է, որ Ստամբուլի Խորի Սբ․ Ամենափրկիչը կօգտագործվի մահմեդական աղոթքների համար:
Խորի Սբ․ Ամենափրկիչը կառուցվել է 6-րդ դարում՝ մ.թ. 534 թվականին։ 1945 թվականին Թուրքիայի Հանրապետության կառավարության որոշմամբ Քարիյե մզկիթը վերանորոգումից հետո բացվել էր որպես թանգարան։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին մզկիթի է վերածվել Ստամբուլի աշխարհահռչակ Սուրբ Սոֆիայի տաճարը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։













