Թբիլիսիում կորոնավիրուս է հաստատվել մեկուկես ամսական երեխայի մոտ

19:53 • 22.08.20

Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել մեկուկես ամսական երեխայի մոտ: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ հղում անելով երկրի Հանրային հեռուստատեսությանը:

Հաղորդվում է, որ նորածնին տեղափոխել են Թբիլիսիի Բոչարիշվիլիի անվան հիվանդանոց: Այնտեղ բուժում են ստանում նաև փոքրիկի մայրը և նրա մյուս երեխան: Բժիշկների խոսքով՝ հիվանդների վիճակը բավարար է: Նրանց մոտ հիվանդության թեթև ախտանշաններ են դիտվում:

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև երեխայի հոր մոտ: Տղամարդուն այլ հիվանդանոց են տեղափոխել: Հայտնի է, որ նա Վրաստանի առողջապահության նախարարության բժշկական գործունեության պետական կարգավորման գործակալության աշխատակից է: Գերատեսչությունից հայտնել են, որ նրա հետ շփում ունեցած բոլոր աշխատակիցներն արդեն կորոնավիրուսի թեստ են հանձնել:

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք է հաստատվել, 4 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից: