«Ամեն ինչ ընթանում է «գունավոր հեղափոխությունների» պլանի համաձայն». Լուկաշենկոն հրահանգել է զինվորականներին խստորեն ապահովել երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությունը

13:12 • 22.08.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի պաշտպանության նախարարության ղեկավարությունից պահանջել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Համապատասխան հայտարարությունը Բելառուսի նախագահն արել է այսօր՝ Գրոդնոյի մոտակայքում զորավարժարան այցելելով, գրում է belta.by-ն:

«Պաշտպանել նախևառաջ Բելառուսի արևմտյան մարգարիտը՝ Գրոդնոյում կենտրոնով: Ձեռնարկելով ամենակոշտ միջոցները մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նաև ընդգծել է, որ իր երկրի դեմ օգտագործում են «գունավոր հեղափոխությունների» սցենարները՝ կիրառելով արտաքին գործոնը:

«Ամեն ինչ պարզ է: Ինչպես և ենթադրել էինք, ամեն ինչ ընթանում է «գունավոր հեղափոխությունների» պլանի համաձայն»,- հայտարարել է նա:

«Իրավիճակի ինքնատիպությունն ու առանձնահատկությունն այն է, որ միացվել է արտաքին գործոնը, ինչը միշտ չէ լինում: Սովորաբար նրանք հրահրում են ներսում, տապալում գործող իշխանությանը: Սակայն քանի որ իշխանությունը տեղում է, դիմադրում է, միացրել են արտաքին գործոնը»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ Ինչպես հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ:

Պաշտոնապես հաստատվել է 3 մարդու մահը։

Александр Лукашенко на полигоне