Լուկաշենկոն զինվորականներին հրամայել է արևմտյան սահմանին խախտումներ արձանագրելու դեպքում արձագանքել առանց նախազգուշացման
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտպանության նախարարության ղեկավարությանը հրամայել է երկրի արևմտյան սահմանի ուղղությամբ խախտում նկատելիս արձագանքել առանց նախազգուշացման:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հանձնարարական պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինին երկրի ղեկավարը տվել է շաբաթ Գրոդնո կատարած այցի ժամանակ:
«Առանց նախազգուշացման: Մենք նրանց արդեն նախազգուշացրել ենք: Եթե նրանք խախտում են պետական սահմանը, մենք արձագանքում ենք առանց նախազգուշացման», - ասել է Լուկաշենկոն:
Պաշտպանության նախարարը զեկուցել է նախագահին, որ ՆԱՏՕ-ի զորքերը Լիտվայում «մոտենում են սահմանին, ապա շրջվում և հեռանում»: «Սակայն մենք նրանց տեսնում ենք: Եթե կիրակի մեր ուղղությամբ ՆԱՏՕ-ի ուժերի շարժ լինի, ապա մենք կգործենք իրավիճակին համապատասխան»,- հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ հակառակորդները փորձում են «կոտրել» և «վախեցնել» երկիրը ներսից, ինչպես նաև բացեիբաց սպառնում են «սահմանի այն կողմից»:
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ Ինչպես հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ:










