Բեռլինյան հիվանդանոցի բժիշկները հայտարարություն են պատրաստում Նավալնիի վիճակի մասին

20:52 • 22.08.20

Բեռլինի Charite հիվանդանոցում Ալեքսեյ Նավալնիին բուժող բժիշկների հայտարարությունը վերջինիս առողջականի մասին սպասվում է երկուշաբթի, քննարկվում է հայտարարության ձևաչափը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հիվանդանոցի ներկայացուցիչ Մանուելա Ցինգլը:

«Բուժող բժիշկների հայտարարությունը, հավանաբար, կլինի երկուշաբթի»,- նշել է Ցինգլը՝ հավելելով, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով՝ ներկա պահին քննարկվում է հայտարարության ձևաչափը՝ մամուլի ասուլիս կամ գրավոր հայտարարություն:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին շաբաթ ավելի վաղ տեղափոխել են բեռլինյան հիվանդանոց, որտեղ նրան հետազոտում են:

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ին Տոմսկ քաղաքից Մոսկվա ուղևորվելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում:

Նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել էր, որ վերջինիս թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:  

Յարմիշի խոսքով՝ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում չվերթից առաջ թեյ էր խմել:  

Օմսկի մարզային առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նրա օրգանիզմում ըստ հետազոտությունների արդյունքների՝ ալկոհոլ և կոֆեին է հայտնաբերվել: