Ջո Բայդենն ավելի հաճելի է, քան իր նախորդ Հիլարի Քլինթոնը, սակայն զիջում է նրան ինտելեկտով. Թրամփ

10:04 • 22.08.20

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն ավելի հաճելի է, քան իր նախորդ Հիլարի Քլինթոնը, սակայն զիջում է նրան ինտելեկտով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ գործող նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:

«Քլինթոնը նրանից խելացի է, սակայն մարդկային տեսանկյունից՝ պակաս հաճելի: Ջոյի մոտ ամեն բան հակառակն է՝ նա խելացի չէ, բայց ավելի հաճելի անձնավորություն է»,- ասել է Թրամփը:  

ԱՄՆ նախագահը հավելել է նաև, որ ինքը պարտադիր պետք է հաղթի առաջիկա նախագահական ընտրություններում, որոնք նախատեսված են նոյեմբերի 3-ին:

Ուրբաթ Բայդենը պաշտոնապես համաձայնել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել նախագահի թեկնածու: Նա նաև խոստացել է հաղթանակի դեպքում հաղթահարել «խավարի դարաշրջանը», որում գտնվում է ԱՄՆ-ն: