«Նոր Բելառուսի երթը». Մինսկում բողոքի ցույցերը վերսկսվել են (տեսանյութ)
Բելառուսում օգոստոսի 23-ին շարունակվում են ընդդիմության բողոքի ցույցերը: Ինչպես հաղորդում է Известия-ն, Մինսկում ընթացող բողոքի ակցիան անցկացվում է «Նոր Բելառուսի երթ» խորագրի ներքո:
Հաղորդվում է, որ մայրաքաղաքում զինվորական բեռնատարների և ուժայինների հատուկ տեխնիկայի շարասյուն են նկատել:
Բացի այդ, աղբյուրի հաղորդմամբ՝ մայրաքաղաքի մի շարք թաղամասերում հանրահավաք են անցկացնում երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցները: Նրանք ևս փողոց են դուրս եկել երկրի պետական դրոշներով և պաստառներով:
«Դոժդ» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ցույցեր են անցկացվում նաև Գրոդնո քաղաքում, որտեղ, ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, նախօրեին ելույթ էր ունեցել Լուկաշենկոն՝ հայտարարելով, որ ՆԱՏՕ-ի զորքերը մոտեցել են երկրի սահմանին և հրահանգելով զինվորականներին սահմանին խախտումներ նկատելու դեպքում արձագանքել առանց նախազգուշացման:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով փայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել, 3 ցուցարար էլ մահացել է:










