«Լուկաշենկոն պետք է Բելառուսում նոր ընտրությունների անցկացման մասին հայտարարի»․ Զելենսկի

11:00 • 23.08.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է պետության ղեկավարի նոր ընտրություններ անցկացնի, որպեսզի հանդարտեցնի ժողովրդին և ցրի ավելի վաղ հրապարակված արդյունքների վերաբերյալ բոլորի կասկածները, Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է eadaily.com-ը։

Զելենսկիի խոսքով՝ եթե ինքը հայտնվեր Լուկաշենկոյի իրավիճակում, անկասկած մեկ ամսից կրկնակի ընտրություններ կանցկացներ և արտասահմանյան դիտորդներ կհրավիրեր։

«Եկեք պատկերացնենք, որ ես վստահ եմ ինձ վրա, վստահ եմ մարդկանց քվեարկության հարցում։ Ինչպե՞ս կարող եմ հանդարտեցնել բոլորին:Ես անկասկած կհայտարարեի, որ մեկ ամիս հետո նոր քվեարկություն կլինի։ Եվ ես կրկին կառաջադրվեի նոր ընտրություններում»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդ դեպքում կհանդարտվեր կրքերը և արյուն չէր թափվի։

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ Ինչպես հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ: