«Ցանկանում եմ մի լավ հարված հասցնել ձեր դեմքին»․ Բոլսոնարուն՝ լրագրողի հարցին ի պատասխան

10:15 • 24.08.20

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն իր կնոջ մասնակցությամբ ենթադրյալ կոռուպցիոն կապերի վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան սպառնացել է «հարված հասցնել նրա դեմքին», գրում է The Guardian-ը։

Բրազիլական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ 2011-2017 թվականներին Բրազիլիայի նախագահի կնոջ՝ Միշել Բոլսոնարուի հաշվին փոխանցվել է առնվազն 89 հազար ռեալ (մոտ 14 000 դոլար), ինչի մասին և հարցրել է O Globo բրազիլական թերթի թղթակիցը։

«Այն, ինչ իսկապես կուզենայի անել, ձեր դեմքին մի լավ հարված հասցնելն է»,- նրա հարցին ի պատասխան ասել է Բոլսոնարուն։

Այնուհետև Բրազիլիայի նախագահը լրագրողին «տականք» է անվանել և, անտեսելով մյուս լրագրողների հարցերը, հեռացել է։

Նրա արարքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում մեծ քննադատությունների տեղիք է տվել։

«Նման պահվածքը ոչ միայն ցույց է տալիս պատշաճ գործելաոճի բացակայությունը, այլև փորձ է ահաբեկել մամուլը և չպատասխանել անհարմար հարցերին»,-O Globo-ին հայտարարել է Մամուլի բրազիլական ասոցիացիայի նախագահ Պաուլո Ժերոնիմոն: