Լուկաշենկոն պահանջել է աշխատանքից հեռացնել այն ուսուցիչներին, որոնք չեն ցանկանում դասավանդել պետական գաղափարախոսությանը համապատասխան

15:07 • 24.08.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է աշխատանքից հեռացնել այն ուսուցիչներին, որոնք չեն ցանկանում դասավանդել պետական գաղափարախոսությանը համապատասխան։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 24-ին կրթության նախարար Իգոր Կարպենկոյի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «Բելտա» պետական լրատվական գործակալությունը։

Իր խոսքում շեշտելով Բելառուսում պետական կրթություն, պետական դպրոցներ, պետական գաղափարախոսություն տերմինները՝ Լուկաշենկոն հայտարարել է․ «Եվ նրանք, ովքեր ցանկանում են հետևել այս սկզբունքներին, խնդրեմ՝ գնացեք ուսուցանեք, ուսուցանեք, աշխատեք։ Նրանք, ովքեր չեն ուզում, ուրեմն դպրոցում չպետք է լինեն։ Այս մասին պետք է ասվի ուղիղ, անկեղծ և ազնիվ կերպով»։

Նա նաև պահանջել է պաշտպանել ուսուցիչներին։

«Պաշտպանեք ուսուցիչներին ամեն տեսակի հարձակումներից։ Մենք դա արդեն սկսել ենք անել, ընդ որում՝ շատ ակտիվորեն և շատ խստորեն կասեցնում ենք բոլոր տեսակի հարձակումներն ուսուցիչների, բժիշկների նկատմամբ»,-ասել է նա։

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում 14 օր շարունակ: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել, 3 ցուցարար էլ մահացել է: Որոշ աղբյուրներ հայտնում են 5 զոհի մասին:

Հիշեցնենք, որ երեկ, տարբեր գնահատականների համաձայն, 100-150 հազար ցուցարարներ հավաքվել են Անկախության հրապարակում, որտեղից շարժվել են «Պլանետա» հյուրանոց, որը տեղակայված է «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտակայքում: Հարյուրավոր զինվորականներ շրջապատել են «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի տարածքը: