Ավստրիան հայտարարել է ռուս դիվանագետին լրտեսության պատճառով արտաքսելու մասին

17:52 • 24.08.20

Վիեննան ռուս դիվանագետին լրտեսության գործի կապակցությամբ «պերսոնա նոն գրատա»՝ «անցանկալի անձ» է հայտարարել, տեղական Krone թերթին հղումով գրում է ria.ru-ն։

Նշվում է, որ դիվանագետը մինչև սեպտեմբերի 1-ը պետք է հեռանա Ավստրիայից։ Ռուսաստանի դեսպանատանը սկզբում չեն մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրությունները, իսկ ավելի ուշ հայտարարել են, որ Մոսկվայի հայելային արձագանքը չի ուշանա: Չի հստակեցվում աշխատակցի անունը։

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտնել է, որ Ռուսաստանը հուսով է, որ իր երկրի քաղաքացուն արտաքսելու մասին հաղորդագրությունները թյուրիմացություն են՝ ընդգծելով երկու երկրների միջև հաստատված «լավ և ամուր հարաբերությունները»։

Նա նաև հիշեցրել է, որ վերջին ամիսներին մի քանի նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել։ Ջաբարովի խոսքով՝ դա վատ միտում է։

Նմանատիպ դեպք անցյալ շաբաթ արձանագրվել է նաև Նորվեգիայում․ ոստիկանության անվտանգության ծառայությունը հայտնել էր 50-ամյա տղամարդու ձերբակալության մասին, որին կասկածում են պետական գաղտնիքի հրապարակման համար. ոստիկանության հաղորդմամբ՝ նա հանդիպել է «ռուս հետախույզի» հետ և նրան տեղեկություններ է փոխանցել, որոնք «կարող են վնասել Նորվեգիայի հիմնարար շահերին»։