Անհեթեթ է, որևէ մեկը նման բան չի ասել, նույնիսկ չի էլ մտածել այդ մասին. Զարեհ Սինանյանը` քրիստոնյա արաբներին բնակեցնելու համար ՀՀ-ում բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին
Կեղծ օրակարգ է, շինծու հարց է: «Ազատություն» ռ/կ-ի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի եթերում` պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչպես է պատրաստվում բարենպաստ պայմաններ ստեղծել քրիստոնյա արաբների համար Հայաստան գալու հետ կապված, այսպես ասաց սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Անհեթեթ է, որևէ մեկը նման բան չի էլ ասել, նույնիսկ չի էլ մտածել այդ մասին, հետևաբար հարցի կարճ պատասխանն է` չենք անում»,- ասաց նա:
Նա նշեց, որ սրանից մոտ 10 օր առաջ հեռավար մի կոնֆերանս է տեղի ունեցել լիբանանյան ճգնաժամի վերաբերյալ, որի ընթացքում նման միտք է արտահայտել լիբանանահայ խմբագիր Շահան Գանտահարյանը, որը նշել էր, երբ պահը գա Հայաստանն իր դեմոգրաֆիական հարցերը կարող է լուծել մեզ նման ազգերի ձուլման և ուծացման ճանապարհով, որի հետ ինքը համաձայնել է:
Անդրադառնալով լիբանանահայերին Հայաստան բերելու հարցին՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ Լիբանանից վերադառնալուց հետո Կառավարության փակ նիստում քննարկման ժամանակ որոշվեց, որ ներկայացնեն այնպիսի փաթեթ, որ Լիբանանը լքել ցանկացողները գան Հայաստան: «Մենք ցանկանում ենք, որ Լիբանանը լքողներ գան Հայաստան»,- ասաց նա:
Զարեհ Սինանյանը պատասխանեց նաև Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին հայ համայնքում տեղի ունեցողին: Նշեց, որ որևէ արտառոց բան այնտեղ տեղի չի ունենում, դա այդ երկրի ներքին խնդիրն է, որն արտացոլվում է նաև համայնքի վրա:
Լրագրողի դիտարկմանը, թե շատերը քննադատեցին Նիկոլ Փաշինյանին՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահ ընտրվելու առթիվ շնորհավորելու համար, Զարեհ Սինանյանը պատասխանեց. «Մեր քաղաքագետները, վերլուծաբանները երջանիկ են, որ կարող են ազատ իրենց կարծիքն արտահայտել, սակայն պետական ծառայության մեջ գտնվող մարդիկ կաշկանդված են և պետք է անեն այն, ինչը կարծում են՝ բխում է պետության շահերից»,- ասաց նա:










