Ադրբեջանում, չնայած կարանտինային սահմանափակումներին, բազմամարդ հարսանիքն ավարտվել է վարչական կալանքով և պաշտոնանկություններով
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը կարանտինային ռեժիմի խախտման հետ կապված սկանդալից հետո հրաժարական է տվել իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իշխող կուսակցության պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ Սիյավուշ Նովրուզովը դիմել է «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահ, երկրի նախագահ Իլհամ Ալիևին` խնդրելով ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից։ Ավելի վաղ Նովրուզովին նկատողություն էր տրվել բազմամարդ հարսանիքին մասնակցելով կարանտինային ռեժիմի պահանջները խախտելու համար։
Հայտնի է, որ վերջինս օգոստոսի 18-ին, ի թիվս այլ պաշտոնյաների, մասնակցել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայիս նախագահ Ռամիզ Մեհթիևի թոռնուհու հարսանիքին։ Տոնակատարության կադրերը մեծ արձագանք են գտել տեղական ԶԼՄ-ներում և սոցցանցերում։ Դա գնահատվել է որպես Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի ցուցումների ուղղակի խախտում։
Հաղորդվում է, որ հարսի և փեսայի հայրերը դատարանի որոշմամբ դատապարտվել են 15-օրյա վարչական կալանքի։ Հարսանիքին մասնակից Բաքվի պետական համալսարանի նախկին ռեկտոր Աբել Մագերամովը, կապի և բարձր տեխնոլոգիաների նախկին նախարար Ալի Աբբասովը, ֆիլհարմոնիայի տնօրեն Մուրադ Ադըգեզալզադեն և նրա կինը, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը և նրա կինը տուգանվել են 235 դոլարով։
Նշենք, որ Ադրբեջանի կառավարության որոշման համաձայն՝ մինչև օգոստոսի 31-ը գործում է հատուկ կարանտինային ռեժիմ:










