Բելառուսի ընդդիմությունը հայտնել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքների մասին
Բելառուսի ընդդիմության ստեղծած Համակարգող խորհուրդը հայտարարել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան։
Նրա խոսքով՝ «նախկին նախագահի ձեռքում իշխանության պահպանումը ձեռնարկությունների հսկայական վնասների կհանգեցնի և կազդի ազգի բարօրության վրա»։
«Ասում է մեզ, որ Ռուսաստանից, Չինաստանից, Ուկրաինայից աշխատավորներ կբերի, բայց սա մե՛ր երկիրն է։ Մենք Բելառուսի ժողովուրդն ենք, և մեզ միայն պետք է, որ նա հեռանա։ Հայտարարում ենք, որ գործում ենք միայն Սահմանադրության շրջանակում։ Կոչ ենք անում երկրի բոլոր քաղաքացիներին Ներկայացուցիչների պալատի պատգամավորների և տեղական խորհուրդների պատգամավորների լիազորությունների զրոյացման գործընթաց սկսել։ Սկսում ենք Սահմանադրության մեջ փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները»,-գրել է Կովալկովան։
Հիշեցնենք, որ երեկ, տարբեր գնահատականների համաձայն, 100-150 հազար ցուցարարներ հավաքվել են Անկախության հրապարակում, որտեղից շարժվել են «Պլանետա» հյուրանոց, որը տեղակայված է «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտակայքում: Հարյուրավոր զինվորականներ շրջապատել են «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի տարածքը:
Բողոքի ցույցերը Մինսկում չեն դադարում 14 օր շարունակ: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել, 3 ցուցարար էլ մահացել է:
Ինչպես այսօր ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Բելառուսի բջջային օպերատորներից մեկը՝ A1 ընկերությունը, պետական իշխանության մարմինների պահանջով Մինսկի որոշ շրջաններում նվազեցրել է իր 3G ցանցի թողունակությունը։










