Վրաստանում օգոստոսի 25-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Շատիլի գյուղի մոտակայքում նախօրեին տեղի ունեցած ավտովթարի զոհերի (լուսանկարներ)
Վրաստանում օգոստոսի 25-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ բարձրլեռնային Շատիլի գյուղի մոտակայքում նախօրեին տեղի ունեցած ավտովթարի զոհերի, գրում է apsny.ge կայքը՝ հղում տալով կառավարության հայտարարությանը։
Համապատասխան հրամանը ստորագրել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան։ Նշվում է, որ այդ օրը Վրաստանի բոլոր վարչական շենքերի պետական դրոշները խոնարհվելու են։
Հիշեցնենք, որ նախօրեին Շատիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Ըստ նախնական տվյալների` միկրոավտոբուսում Թբիլիսիից զբոսաշրջիկներ են եղել:
Նշվում է, որ վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել: 3-ն էլ տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է ծանր:
Տեղում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները, ինչպես նաև մահացածների նույնականացում է կատարվում:
Քննություն է տարվում վթարի հանգամանքները պարզելու նպատակով։
Շատիլի գյուղը Վրաստանի հյուսիս-արևելքում է` Խեվսուրեթի պատմական հատվածում, այստեղ բերող ճանապարհը համարվում է ամենավտանգավորը երկրում: Ձմռանն այն անանցանելի է առատ տեղումների պատճառով: Շատիլին հայտնի է միջնադարյան քարե աշտարակներով: Ամռանը քաղաք-ամրոց են այցելում հարյուրավոր զբոսաշրջիկներ:











