Լուկաշենկոն ազատել է Սլովակիայում Բելառուսի դեսպանին

21:50 • 24.08.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից ազատել է Սլովակիայում երկրի դեսպան Իգոր Լեշչենկոյին, որն ավելի վաղ աջակցություն էր հայտնել երկրում տեղի ունեցող ցույցերին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը:

«Իգոր Լեշչենկոն ազատվել է Սլովակիայում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի ղեկավարը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լեշչենկոն մեկ շաբաթ առաջ առաջինն էր բելառուս դիվանագետներից, որոնք ուղերձով հանդես եկան՝ բողոքելով ցուցարարների նկատմամբ իշխանությունների գործողություններից:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. երկրի բնակիչները բողոքում են ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն, հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: