Նավալնիի փաստաբանը հայտնել է, որ գործիչը դեռևս գիտակցության չի եկել
Ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին դեռևս գիտակցության չի եկել և մինչև հիմա կոմայի մեջ է գտնվում գերմանական հիվանդանոցում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան հայտարարել է Մոսկվայի քաղաքային դատարանում, որտեղ լսումներ են ընթանում բլոգերի նկատմամբ քրեական գործի դիտարկման ժամկետների վերեբերյալ:
«Ալեքսեյի չներկայանալու պատճառը հատնի է: Նրան տեղափոխել են Գերմանիա, ներկա պահին նա հիվանդանոցում է գտնվում: Նա դեռ գիտակցության չի եկել: Նրա հետ անհնար է կապ հաստատել, քանի որ նա կոմայի մեջ է գտնվում»,- շեշտել է Միխայլովան՝ նշելով, որ Նավալնիի մասին տեղեկություններ ստանում է նրա կնոջից՝ Յուլյայից, որը վերջինիս հետ մեկնել է Բեռլին:
Դատարանը որոշում է կայացրել հետաձգել դատական նիստը մինչև սեպտեմբերի 14-ը:
Նավալնիին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 128.1 հոդվածի երկրորդ մասով (զրպարտություն հանրային ելույթների միջոցով): Մեղքը Նավալնին չէր ընդունել:
Այսօր ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆեն Զայբերտը հայտարարել էր, որ ռուս գործչին, ամենայն հավանականությամբ, թունավորել են:
Հիշեցնենք, որ Նավալնիին Օմսկի հիվանդանոցից բեռլինյան Charite հիվանդանոց են տեղափոխել շաբաթ առավոտյան: Գործչի ներկայացուցիչ Կիրա Յարմիշը հայտնել էր, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչելիս, ինչից հետո ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, որտեղ Նավալնիին հոսպիտալացրել են:
Օմսկի բժիշկները բացառել էին թունավորման տարբերակը՝ հայտնելով, որ նրա օրգանիզմում թույն չի հայտնաբերվել: Վերջինս գտնվում է կոմայի մեջ: Բժիշկների նախնական ախտորոշմամբ՝ Նավալնիի մոտ նյութափոխանակության խանգարում է եղել, ինչի հետևանքով կտրուկ նվազել է շաքարի պարունակությունն արյան մեջ:










