Մերկելի խոսնակը հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնիին, «ամենայն հավանականությամբ», թունավորել են
Գերմանիայի կառավարությունից հայտնել են, որ «շատ հավանական է», որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են, և նա հետագայում հատուկ պաշտպանության կարիք կունենա: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆեն Զաբերտին:
«Մենք գործ ունենք մի հիվանդի հետ, որին, ամենայն հավանականությամբ, թունավորել են: Քանի որ թունավորման մեծ հավանականություն կա, նրան պաշտպանություն է անհրաժեշտ»,- ասել է Զայբերտը երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ Նավալնիին Օմսկի հիվանդանոցից բեռլինյան Charite հիվանդանոց են տեղափոխել շաբաթ առավոտյան: Նրա հետ Գերմանիա է մեկնել կինը՝ Յուլյան:
Գործչի ներկայացուցիչ Կիրա Յարմիշը հայտնել էր, որ ուրբաթ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչելիս, ինչից հետո ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, որտեղ Նավալնիին հոսպիտալացրել են:
Օմսկի բժիշկները բացառել էին թունավորման տարբերակը՝ հայտնելով, որ նրա օրգանիզմում թույն չի հայտնաբերվել: Վերջինս գտնվում է կոմայի մեջ: Բժիշկների նախնական ախտորոշմամբ՝ Նավալնիի մոտ նյութափոխանակության խանգարում է եղել, ինչի հետևանքով կտրուկ նվազել է շաքարի պարունակությունն արյան մեջ:










