Գագիկ Խաչատրյանն առողջական վիճակի պատճառով ի վիճակի չի եղել ներկայանալ նիստին. դատական նիստը հետաձգվել է. փաստաբան

12:05 • 25.08.20

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հետաձգվել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը:

«Այսօր ժամը 12-ին նշանակված էր Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի առաջին դատական նիստը, որի ընթացքում դատարանը պետք է լուծեր նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։

Տեղեկացնում եմ, որ նիստը հետաձգվել է։ Գագիկ Խաչատրյանը ցանկություն էր հայտնել նույնպես ներկա գտնվելու դատական նիստին, սակայն առողջական վիճակով պայմանավորված այսօր ի վիճակի չէր ներկայանալ, հետևաբար դիմում ենք ներկայացրել՝ խնդրելով մեկ օրով հետաձգել նիստը, որպեսզի Խաչատրյանը ևս կարողանա մասնակցել։

Նիստը կկայանա վաղը՝ օգոստոսի 26-ին, ժամը 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝Տիգրան Մեծ 23/1)»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար: Գագիկ Խաչատրյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: