«Նրանք կզինաթափեն ձեզ, կդատարկեն բանտերը»․ ԱՄՆ հանրապետականները վստահեցնում են, որ միայն Թրամփը կարող է փրկել Ամերիկան

14:46 • 25.08.20

ԱՄՆ-ում մեկնարկել է Հանրապետական կուսակցության ազգային համագումարը, որի առաջին օրը լի է եղել Ամերիկայի ապագայի մասին մռայլ նախազգուշացումներով, և որի մասնակիցները պնդել են, որ երկիրը սոցիալիզմից, տնտեսական փլուզումից, բռնությունից և անարխիայից փրկելու միակ ճանապարհը Դոնալդ Թրամփի վերընտրությունն է, գրում է The Guardian-ը։

Թեև երեկոյի թեման կոչվում էր «Ավետյաց երկիր», ելույթի մասնակիցները ներկայացնում էին գրեթե ապոկալիպտիկ տեսլականներ այն մասին, թե ինչ վտանգ կարող է սպառնալ նոյեմբերյան ընտրություններում Թրամփի պարտության դեպքում, գրում է աղբյուրը։

«Նրանք կզինաթափեն ձեզ, կդատարկեն բանտերը, ձեզ կփակեն ձեր տանը և MS-13-ին (միջազգային հանցավոր խմբավորում) կհրավիրեն ձեր հարևանությամբ ապրելու»,- ասել է Ֆլորիդայից կոնգրեսական Մեթ Գայեցը դեմոկրատների մասին իր ելույթում։

Մյուս խոսնակները նախագահին բնութագրել են որպես «կարեկից մարդ», որն իր առաջին պաշտոնավարման ընթացքում հաջողության է հասել «արմատական» դեմոկրատների և լրատվամիջոցների առջև, որոնք մշտապես արգելափակում են նախագահի նախաձեռնությունները։

Ինչպես գրում է աղբյուրը, համագումարի ժամանակ ցուցադրվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է Թրամփը հաղթահարում կորոնավիրուսի համավարակը, մինչդեռ, ինչպես նկատում է The Guardian-ը, Սպիտակ տան ներկայիս ղեկավարը կորոնավիրուսի դեմ պայքարի մարտավարության համար բազմիցս հայտնվել է քննադատությունների թիրախում։

Հանրապետականներն իրենց համագումարի առաջին օրը նաև քննադատություններ են հնչեցրել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի և ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Կամալա Հարիսի հասցեին։

«Ջո Բայդենը և արմատական ձախերն այժմ հանդես են գալիս մեր խոսքի ազատության դեմ և ցանկանում են վախեցնել մեզ՝ հնազանդեցնելու նպատակով»,- իր ելույթում հայտարարել է Թրամփի որդին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 3-ին։