Ավելի իրատեսական է, որ ինչ-որ մարդիկ սոցցանցերում գտնում են ընդդիմադիր վարքագիծ ունեցողների և ոստիկանի համազգեստով այցելում նրանց. Արթուր Դանիելյանը՝ «Ադեկվադի» համակրին ոստիկանների այցի մասին

15:48 • 25.08.20

Ոստիկանության Մաշտոցի բաժանմունքից դուրս եկա, շատ կառուցողական զրույց եղավ բաժանմունքի օպեր գծով պետի հետ և ըստ էության՝ այստեղ երկու սցենար կա, կա՛մ մեր համակիրն է ստել, կա՛մ ինչ-որ մարդիկ են այցելել մեր համակրին ոստիկանական համազգեստով: Այս մասին այսօր «Ադեկվադ» միաբանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը՝ ներկայացնելով իրենց համակիրներից մեկի տուն՝ ոստիկանների այցելության մանրամասները:

Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ այցելել են իրենց համակիրներից մեկի տուն ու նրան խորհուրդ տվել «Ադեկվադ» միաբանության հետ գործ չունենալ, պնդել են, որ Արթուր Դանիելյանը դատվելու է։

Դանիելյանը նշեց, որ առաջին այն սցենարին, թե իրենց համակիրն է ստում, այդքան էլ չի հավատում, քանի որ հենց իրենց միաբանությունն է սովորեցնում հարգել համազգեստով անձանց և եթե պարզվի, որ համակիրն է ստում, ապա նա պատժվելու է սուտ մատնության համար:

Ըստ նրա՝ ավելի իրատեսական է այն տարբերակը, որ ինչ-որ քաղաքացիներ սոցիալական ցանցերում գտնում են ընդդիմադիր վարքագիծ ունեցող անձանց և ոստիկանական համազգեստ հայթայթելով՝ այցելում են նրանց:

«Ճանաչելով մեր այսօրվա իշխանականներին և քաջ իմանալով նրանց իտելեկտուալ պոտենցիալը՝ մտածում եմ, որ սա ավելի իրատեսական է, բայց սա նույնպես մեր իրավապահ համակարգի համար մեծ խնդիր է, և ես մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Մաշտոցի բաժանմունքի օպեր գծով պետն ինձ հետ համաձայնեց, որ բավական մեծ խնդիր է, երբ իր տարածքում ինքնակոչ ոստիկաններ կան և նա հավաստիացրեց, որ Ոստիկանությունը պատշաճ միջոցներ կձեռնարկի՝ պարզելու միջադեպի բոլոր մանրուքները»,-ասաց Դանիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: