Մինսկում կայացած հանրահավաքի ժամանակ ձերբակալություններ են տեղի ունեցել

23:54 • 25.08.20

Մինսկում բերման են ենթարկել Կառավարության տան մոտ բողոքի ակցիայի մի շարք մասնակիցների: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Մինսկի քաղաքային գործադիր հանձնաժողովի ներկայացուցիչ Նատալյա Գանուսևիչին:

Վերջինս չի նշել ձերբակալվածների թիվը: Հայտնի չէ նաև, թե ինչ իրավախախտման համար են նրանց ձերբակալել:

Այսօր Բելառուսի մայրաքաղաքի կենտրոնում կրկին հանրահավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են մի քանի հազար մարդ: Հավաքված ցուցարարները կարգախոսներ են հնչեցրել և երգեր երգել:

Ընդդիմադիրները տոնել են Անկախության ոչ պաշտոնական օրը. 1991 թվականին այս օրը հռչակվել է ԲԽՍՀ անկախությունը:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերն ու ընդդիմադիրների կողմնակիցների հանրահավաքները Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում շարունակվում են օգոստոսի 9-ին երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով՝ հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ընտրողների ձայների 80 տոկոսը: