Բրազիլիայի նախագահի որդին նույնպես վարակվել է կորոնավիրուսով

22:19 • 25.08.20

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի ավագ որդին՝ սենատոր Ֆլավիո Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով նրա մամլո ներկայացուցչին:

Նշվում է, որ նրա մոտ աշտանշաններ ի հայտ չեն եկել, և նա շարունակում է աշխատել տանից: Նախագահի որդին Հիդրօքսիքլորոքին է ընդունում որպես բուժման միջոց: Բրազիլիայի ղեկավարը շարունակաբար պնդում էր, որ մալարիայի դեմ նախատեսված այդ դեղամիջոցն արդյունավետ է «Քովիդ-19»-ի դեմ պայքարում, թեև դա գիտականորեն ապացուցված չէ:  

Նախագահը ևս վարակվել էր կորոնավիրուսով՝ հուլիսի 7-ին: Այնուհետև հուլիսի 25-ին նա հայտնել էր, որ իր թեստի պատասխանը բացասական է եկել:

Հարավամերիկյան երկրում, որը երկրորդն է աշխարհում կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով ԱՄՆ-ից հետո, հիվանդությունից մահացել է 115 646 մարդ, վարակվել՝ ավելի քան 3,6 մլն-ը: