«Մեր հաջողությունները հունից հանում են որոշ շրջանակների»․ Էրդողանն արձագանքել է Թուրքիայի վերաբերյալ Fitch-ի բացասական կանխատեսմանը

15:08 • 25.08.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրի նկատմամբ «անընդհատ գործադրվող ճնշման» մասին․ այս կերպ պետության ղեկավարն արձագանքել է Fitch միջազգային վարկանշային գործակալության կողմից Թուրքիայի վարկանիշի վերաբերյալ կանխատեսման վատթարացմանը, գրում է eadaily.com կայքը։ 

Ավելի վաղ Fitch գործակալությունը երկրի սուվերեն վարկանիշը նվազեցրել էր՝ կայունից հասցնելով բացասականի, և ընդգծել, որ կանխատեսման վերանայումն արտացոլում է արժութային պահուստների նվազումը, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության նկատմամբ թույլ վստահությունը։ 

Նշվում է, որ Թուրքիայի ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ արագացրել է նվազման տեմպը և պատմական նվազագույնի հասել։ Սակայն Էրդողանի խոսքերից դատելով՝ կարելի է ասել, որ նա լավատեսորեն է տրամադրված։ 

«Մեր տնտեսության վիճակը կայուն է։ Գիտենք, թե որտեղ են խելք հավաքել նրանք, ովքեր մեր տնտեսական կանխատեսումը բացասականի են վերածել Սև ծովում գազի պաշարների հայտնաբերումից հետո, ինչն ամբողջ աշխարհի ճանաչմանն է արժանացել»,- հայտարարել է Էրդողանը և հավելել․ «Մեզ վրա անընդհատ ճնշում է գործադրվում՝ այդ թվում և լիրայի փոխարժեքի հետ կապված, մեր հաջողությունները հունից հանում են որոշ շրջանակների»։ 

Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ երկրի ոսկու պահուստը վերջին չորս տարում ավելի քան եռակի ավելացել է՝ գերազանցելով 45 միլիարդ դոլարը։