Կրասնոդարի երկրամասում անտառային հրդեհների հետևանքով բնակիչների և զբոսաշրջիկների տարհանման աշխատանքներ են իրականացվում (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում անտառային հրդեհներ են սկսվել, որոնց հետևանքով տուժած շրջանների բնակիչների ու զբոսաշրջիկների տարհանման աշխատանքներ են իրականացվում․ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է նաև ավիացիան, հայտնում է rbc.ru կայքը՝ հղում տալով նահանգապետ Վենյամին Կոնդրատևի թելեգրամյան հայտարարությանը։
«Պետք է բացառենք վտանգավոր վայրերի մոտակայքում զբոսաշրջիկների գտնվելը, արդեն կազմակերպվել են մարդկանց տարհանման համար անհրաժեշտ աշխատանքներ։ Այժմ մեր ամենագլխավոր խնդիրը կրակը հնարավորիս շուտ մարելն է, իսկ դրա առաջացման պատճառները հետո կպարզենք»,-գրել է նա։
Նշվում է, որ երկրամասում չորս հիմնական օջախ է մնում․ դրանք գտնվում են Տուապսեի շրջանում, Անապայի, Գելենջիկի և Նովոռոսիյսկի ծայրամասերում։
«Իրավիճակն այնքանով է բարդանում, որ կրակը դժվարհասանելի վայրերում է, երկրամասում նաև հրդեհի վտանգավորության հինգերորդ աստիճան է սահմանված։ Մեր բոլոր ուժերն ու միջոցներն այժմ ուղղված են կրակի ոչնչացմանը, աշխատում է ավիացիան, դաշնային կենտրոնից նույնպես օգնություն ենք ակնկալում»,- հայտնել է նահանգապետը։
Արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասի վարչության հաղորդագրության մեջ ասվում է, որ ամենաբարդ իրավիճակն Անապայի շրջանում է ստեղծվել, որտեղ հրդեհը Բոլշչոյ և Մալիյ Ուտրիշ բնակավայրերի միջև է տարածվել։ Նշվում է, որ մարդիկ հրդեհն օգոստոսի 24-ին են նկատել: Այժմ կրակը 3 հա հողատարածք է «գրավել»։ Այս տարածքում նաև բնական արգելոց է գտնվում:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է քիչ տեղումների և շոգ եղանակի հետևանքով։





Краснодарский край, заповедник "Утриш" pic.twitter.com/x2NWrJeBA4
— Актуальная Россия (@RussiaActually) August 25, 2020










