Գևորգ Մուրադյանի՝ Հոգաբարձուների խորհրդի նիստին լրագրողների մուտքը չթույլատրելը քրեական գործ է. նա նման հրահանգ տալու իրավասություն չունի. ԵՊՀ մամուլի խոսնակ (տեսանյութ)
Գևորգ Մուրադյանը հրահանգել էր անվտանգության ծառայության աշխատակիցներին, որ լրագրողներին թույլ չտան մերս մտնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստերի դահլիճ: Հիմնավորում է եղել այն, որ պարետի որոշմամբ փակ տարածքում 40 հոգուց ավելի անձ չի կարող գտնվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ ընդգծելով, որ Մուրադյանը նման հրահանգ տալու իրավասություն չունի:
«Ինքս կարծում եմ, որ սա քրեական գործ է, որովհետև լրագրողների աշխատանքը խոչընդոտելը քրեական հոդված է: Մուրադյանը նիստերի դահլիճում ասաց, որ լրագրողները կարող են շենք մտնել, բայց շենք մտնելու հնարավորություն ևս չի եղել: Մուրադյանն իր վրա չի վերցնի այդ պատասխանատվությունը, ենթադրում եմ, որ այս որոշումը մնալու է ԵՊՀ-ի փակ դռների հերթական պատմությունը: Փաստացի, սրա համար պետք է պատասխան տա ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, նաև՝ Գևորգ Մուրադյանը»,-ասաց բուհի մամուլի խոսնակը:
Նա տեսակետ հայտնեց, թե կատարվածը ԵՊՀ կանոնադրության, ռազմավարական ծրագրի խախտում է, որովհետև հանրային բուհը պետք է լինի հնարավորինս բաց, և հասարակությունը լիարժեք տեղյակ լինի համալսարանի ներսում կատարվողից:
Էմին-Տերյանն ասաց նաև, թե ինքը նիստի կայացման ծանուցում չէր ստացել, սակայն այդ մասին տեղեկացել է Հոգաբարձուների խորհրդի անդամ դասախոսներից, և, ենթադրելով, որ ինչպես միշտ, այս անգամ ևս նիստը բաց է լինելու, դրա կայացման վերաբերյալ հաղորդագրություն է ուղարկել ԶԼՄ-ներին:
Մանրամասները՝ տեսանյութում:










