Կիմ Չեն Ընի քույրը ևս մեկ կարևորագույն քաղաքական պաշտոն է ստանձնել Հյուսիսային Կորեայում. Հարավային Կորեայի պաշտպանության նախարար

19:42 • 25.08.20

Հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, արդյունավետորեն ղեկավարում է Հյուսիսային Կորեայի կարևորագույն քաղաքական մարմիններից մեկը: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են հարավկորեացի պաշտոնյաները՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարին:

Ըստ տեղի ունեցող զարգացումների՝ վերջինս ամրապնդում է իր դիրքերը՝ որպես երկրի երկրորդ ամենահզոր անձնավորությունը:  

Ելույթ ունենալով ազգային ժողովի օրենսդիրների առաջ՝ հարավկորեացի պաշտպանության նախարար Չոն Կյոնդուն հայտարարել է, որ Կիմ Յո Չժոնը, ամենայն հավանականությամբ, ներկա պահին ղեկավարում է հյուսիսկորեական իշխող Աշխատավորական կուսակցության կազմակերպման բաժինը, որը զբաղվում է գաղափարախոսական քարոզչության և քաղաքական նշանակումների հարցերով:

Փորձագետները հայտնում են, որ այդ մարմինը պատասխանատու է նաև Աշխատավորական կուսակցության 3 մլն անդամների գործունեության վերահսկման համար, որպեսզի վերջիններս հնարավորինս հավատարիմ մնան երկրի ղեկավարին և գաղափարական ուսմունքին:

Հիշեցնենք, նախօրեին հարավկորեացի պաշտոնյաները հայտնել էին, որ Կիմ Յո Չժոնը, ի թիվս քաղաքական այլ հարցերի, պատասխանատու է դարձել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի նկատմամբ Փհենյանի վարած քաղաքականության համար, և փաստացի երկրի երկրորդ առաջնորդն է:

Այս մասին լուրն ուղեկցվում էր Կիմ Չեն Ընի առողջական վիճակի վատթարացման մասին հաղորդումներով: Ըստ Հարավային Կորեայի հանգուցյալ նախագահ Կիմ Դե Չժունի նախկին օգնական Չան Սոն Մինի պնդումների՝ Կիմ Չեն Ընը ներկա պահին կոմայի մեջ է գտնվում: