Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի շուրթերով սորոսականներին ասում է՝ հանգիստ նստեք տեղներդ. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները «կապվում են սորոսականների պահանջների՝ իշխանության կողմից չիրականացման հետ, որի ապացույցն է նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի «Սորոսը ո՞ւմ շունն է, ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին » արտահայտությունը», լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Նա նշեց, որ Ջորջ Սորոսի հետևորդները մեծ դեր ունեն ներկայիս իշխանության համար, սակայն այն ընդվզումները, որոնք լինում են սորոսականների կողմից իշխանությունը հաճախ չի ընդունում:
«Սորոսականներն ամեն դեպքում՝ չունեն այլ թեկնածու, քան Նիկոլ Փաշինյանն է, բայց գուցե սա տանի պալատական հեղաշրջման, որը չի ստացվի Նիկոլ Փաշինյանի բարձր ռեյտինգի պատճառով: Եվ Ալեն Սիմոնյանի շուրթերով Փաշինյանը սորոսականներին փորձեց ասել՝ հանգիստ նստեք տեղներդ»,- ասաց Տիգրան Քոչարյանը և հավելեց, որ սա, ամեն դեպքում, բավարար չէ:
Անդրադառնալով ԿԳՄՍ Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ակցիաներին՝ Տիգրան Քոչարյանը նշեց, թե սպասել, որ Նիկոլ Փաշինյանը երբևէ կազատվի Արայիկ Հարությունյանից, նույնն է, թե սպասել՝ Նիկոլ Փաշինյանը երբ ինքն իրենց կազատվի:
Հիշեցմանը, թե նախորդ տարի ևս նման ալիք էր բարձրացել, Տիգրան Քոչարյանն արձագանքեց. «Խնդիրը ոչ թե Արայիկ Հարությունյանն է, այլ Նիկոլ Փաշինյանը, քանի որ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի ամենանվիրված կադրերից մեկն է և այդպիսի նվիրվածությամբ «չինովնիկ» Նիկոլ Փաշինյանը մեկ-երկուսն ունի»,- ասաց նա:
Ամեն դեպքում, ըստ նրա՝ կան նախարարներ, օրինակ՝ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը, որոնք նվազեցնում են Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը:
Մանրամասները՝ տեսանյութում:










