Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել իր վրաց գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ և զորակցություն հայտնել Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ

14:54 • 25.08.20

Օգոստոսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել իր վրաց գործընկերոջ՝ Դավիդ Զալկալիանիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Նախարար Մնացականյանը զորակցություն է հայտնել նախարար Զալկալիանիին Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ` ցավակցելով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին:

Արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կարևորելով բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը:

Նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված քայլերը և այս ուղղությամբ փոխգործակցությունը: