ՌԴ գիտահետազոտական կենտրոնը թույլտվություն է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր փորձարկումներ իրականացնելու համար

22:32 • 25.08.20

ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության  գիտահետազոտական կենտրոնը թույլտվություն է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումներ սկսել:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

Բացի այդ, ՌԴ անմիջական ներդրումների հիմնադրամից հայտնել են, որ ավելի քան 20 երկրից դիմումներ են ստացել հայրենական արտադրության դեղամիջոցի միլիարդ չափաբաժին ձեռք բերելու համար: Հայտնի է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության համար պայմանավորվածություն է ձեռք բերել հինգ երկրի հետ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն օգոստոսի 11-ի գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որն ստացել է «Սպուտնիկ 5» անվանումը: Ըստ մասնագետների՝ այն օրգանիզմը վիրուսից կարող է պաշտպանել երկու տարի: