Ռայնիսի փողոցում պայթյունից տուժածներից մեկը կվիրահատվի, մյուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

15:30 • 26.08.20

Այսօր Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ռայնիսի փողոցի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա երկու տուժած՝ 1949 թվականին ծնված կին և 1979 թվականին ծնված տղամարդ, նրանք հոսպիտալացվել են և գտնվում են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում: 

Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու համար Tert. am-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հետ։

Նրա փոխանցմամբ՝ կնոջ վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության, այս պահին պատրաստվում է վիրահատության. «Տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրան ինտուբացրել են, հրավիրվել է այրվածքաբան, անհրաժեշտ բոլոր միջոցառումները արվում են»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բուժապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պայթյունի հետևանքով շենքը մասնակի փլուզվել է, ամբողջությամբ փլուզվել են նույն շքամուտքի մի քանի բնակարաններ, փլատակների տակ մնացած երեք քաղաքացիներից մեկին՝ 56-ամյա Արթուր Ղազարյանին, փրկարարները հայտնաբերել են մահացած: 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով: