Երևանի Ռայնիսի փողոցում գազի պայթյունից շենքը մասնակի փլուզվել է, կա մեկ զոհ, տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութեր, լուսանկարներ)
12:58
Փրկարարները փլատակների տակից դուրս բերեցին ևս մեկ քաղաքացու: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 56-ամյա տղամարդ է՝ Արթուրը Ղազարյանը: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց, որ տղամարդը մահացած էր: 
12:45
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ռայնիսի փողոցի պայթյունի վայրում իրականացվում է մշտադիտարկում` անօդաչու թռչող սարքերի միջոցով, դեպքի վայրում են նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակիցներ:
11:41
Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած պայթյունից փլուզված շենքի փլատակների տակ 56 տարեկան տղամարդ կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշեց, որ փլուզումից 3 քաղաքացի է տուժել, իսկ տարհանված 21 քաղաքացիները չեն վնասվել: Նրանց ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։
Հարցին՝ հնարավո՞ր է` շենքի մյուս հատվածն էլ փլուզվի, նախարարը պատասխանեց. «Սեյսմիկ ծառայությունից ասացին, որ այս պահին նման վտանգ չկա։ Պանելային շենք է, սրանք սեյսմակայուն շենքեր են։ Երկրաշարժի ժամանակ այդ պանելային շենքերը չփլուզվեցին։ Գյումրիում 9 հարկանի այսպիսի շենքերը չփլուզվեցին։ Մնացել է հիմնական աշխատանքը, որ կարողանան փլատակները մաքրել։ Տեսնենք՝ փլատակների տակից ինչ դուրս կգա։ Քանի որ աշխատանք է տարվում, այդ ընթացքում կարող են փոփոխություններ լինել, այդ պատճառով տարհանել ենք ամբողջ շենքի բնակիչներին»։
Նախարարը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կազմակերպվել է բնակիչների ժամանակավոր կացարանի հարցը. «Քաղաքացիները կունենան մնալու տեղ։ Աստված տա, որ կարողանանք երրորդ մարդուն փրկել»։Նա տեղեկացրեց, որ իրենք կասկածներ ունեն, որ երկրորդ հարկում է եղել պայթյունը։
.jpg?1598427800332)
11:07
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածինը (արական սեռի, մոտ 50 տարեկան)՝ ծայրահեղ ծանր:
10:42
Առողջապանության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ դեպքի վայր է այցելել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ծանոթացել իրավիճակին: Այս պահին բուժօգնությանն առնչվող հարցերը տեղում համակարգում է նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:
Ռայնիսի փողոցում հերթապահում է շտապօգնության 3 մեքենա և անհրաժեշտության դեպքում տեղում օգնություն ցույց տալիս քաղաքացիներին:
.jpg?1598425714814)
09:54
Պայթյունից տուժած քաղաքացիները կապահովվեն ժամանակավոր կացարաններով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Երևանի քաղաքաքաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։
Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության և դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։
Որոնողական աշխատանքներից և հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի»։

09:48
Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են թիվ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինակ Նիկողոսյանը:
«Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա:


09:28
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ նախնական տվյալների՝ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։
09:13
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան, փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի:
«Այսօր առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։
Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։
Առավոտյան այցելել եմ դեպքի վայր և տեղում ծանոթացել իրավիճակին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են»,-գրել է վարչապետը։.jpg?1598419436835)

08:52
Ժամը 7:18 պայթյուն է տեղի ունեցել Զեյթուն վարչական շրջանի Ռայինիսի 1 շենքում։ Այս պահին 2 հոգի փլատակների տակ են, փրկարարները աշխատում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Նաիրի Սարգսյանը:
08:43
Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բուժապահովման վարչության հերթապահ խմբերը։
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը։



















