Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել՝ բողոքելով սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումից, և պահանջել կառավարության հրաժարականը

03:51 • 26.08.20

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ արտահայտելու իրենց դժգոհությունը Ֆաիզ Սարրաջի գլխավորած Ազգային համաձայնության կառավարության գործունեության, երկերում սոցիալա-տնտեսական իրավիճակի վատացման, բնակչության զգալի հատվածի աղքատացման ու կոռուպցիայի արմատավորման առնչությամբ:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Al Marsad-ին, ցուցարարների մեծամասնությունը երիտասարդներ են եղել, որոնք կառավարության հրաժարականն են պահանջել ու անհրաժեշտ համարել, որ կոռւպցիոներները դատարանի առաջ կանգնեն:

Երիտասարդների իրականացրած զանգվածային ակցիաները հսկվում են երկրի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումների կողմից:

Օգոստոսի 24-ին հանրային հեռուստատեսությամբ հանդես գալով՝ Սարաջը հայտարարել էր, որ խոսքի ազատությունն ու խաղաղ ցույցերը ժողովրդի հիմնարար իրավունքներից են: Վարչապետը նաև խոստացել է, որ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են լինելու, և որ պաշտոններում նշանակվելու են արհեստավարժ կադրեր: