Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի հետ Դոնբասի հարցը քննարկելուց չի վախենում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնբասի հարցը քննարկելուց չի վախենում, որովհետև առանց այդ երկխոսության հակամարտության խաղաղ կարգավորման հասնել չի ստացվի, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Զելենսկու՝ Euronews-ին տված հարցազրույցին:
Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ վերջին անգամ զրուցել է նախքան հրադադարի ուժի մեջ մտնելը: Կողմերն այդ ժամանակ քննարկել էին կրակի դադարեցման ռեժիմի պահպանն առնչվող խնդիրներ: Ըստ Զելենսկու՝ դեռևս այդ բանակցությունների արդյունքում որոշակի տեղաշարժեր կան, բայց դրանք բավարար չեն:
«Ես Ռուսաստանի նախագահի հետ ուղիղ խոսելուց չեմ վախենում: Կարծում եմ՝ դա է ճիշտը: Եթե մենք խոսելու հնարավորություն ունենք, և այդ բանակցությունների արդյունքները կարող են օգնել վերջակետ դնել պատերազմին, ապա դա պետք է արվի՝ անկախ նրանից, թե ինչպես տարբեր մարդիկ ու տարբեր շրջանակներ կարձագանքեն դրան: Եթե չերկխոսենք, չլինեն հեռախոսազանգեր անհրաժեշտության դեպքում, չի լինի խաղաղություն»,- հայտարարել է Զելենսկին:










