Բոլոր քաղաքական հարթակները պետք է օգտագործվեն՝ Ադրբեջանի բիրտ կեցվածքի մասին բարձրաձայնելու համար. Լարիսա Ալավերդյանը՝ մոլորված հայ սպայի՝ Ադրբեջանում հայտնվելու և հարուցված քրգործի մասին
Ադրբեջանը խախտել է բոլոր այն նորմերը, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն չպետք է խախտվեին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով սպա Գուրգեն Ալավերդյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելուն:
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ այս պարագայում ակնկալվում է, որ ՀՀ-ն երեք ուղղությամբ պետք է աշխատի: «Պետք է աշխատանք տարվի, կապ պահպանվի Կարմիր խաչի հետ, ինչը ՊՆ-ն ի սկզբանե անում է. հուսանք, որ հնարավորինս արագ, օր առաջ Կարմիր խաչի ներկայացուցիչը կհանդիպի սպայի հետ, քանի որ այդ դեպքում նա հայտնվում է միջազգային կազմակերպության դիտարակման ներքո, ինչը հույս է ներշնչում»,-նշեց նա:
Երկրորդը, ըստ Ալավերդյանի, բանակցություններն են. «ՀՀ-ում ևս կա ազգությամբ ադրբեջացի սահմանն անցած անձ. չի խանգարի, եթե սկսվեն բանակցություններ փոխանակման վերաբերյալ»,-նշեց նա:
Երրորդ ուղղությունը, ըստ իրավապաշտպանի, սոցիալականն է՝ հանդիպում մոլորված սպայի ընտանիքի անդամների հետ և աջակցության տրամադրում. «Սա ևս արվում է, մեր ՀԿ-ն նույնպես այց կկատարի՝ սպայի ընտանիքին աջակցելու համար»,-ասաց նա:
Ըստ Ալավերդյանի՝ ակնկալելի էր, որ Ադրբեջանը մեր սպայի՝ այնտեղ հայտնվելու վերաբերյալ մի պատմություն կհորինի, և արհեսատածին հոդվածներ կլինեն: «Քանի որ Ադրբեջանն ամենն անում է ցուցադարաբար, նշանակում է՝ արժանապատվությունը նսեմացնող դատապարտելի երևույթն ունի նաև քաղաքական տարր: Հետևաբար նաև քաղաքական հարթակներից պետք է բարձրաձայնվի Ադրբեջանի բիրտ կեցվածքի մասին: Բոլոր քաղաքական հարթակները ևս պետք է օգտագործվեն»,-ասաց իրավապաշտպանը:
Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ միանշանակորեն հայտարարվում է, թե սպան մոլորվել է. «Ես երբեք միանաշանակ չեմ արտահայտվում, որ նա մոլորվել է. որպես վարկած կարելի է դիտարկել նաև առևանգումը: Ինձ փոքր-ինչ զարմացրել է այս միանշանակ հայտարարությունը, որ սպան մոլորվել է, որովհետև դա ապացուցված չէ: Ես միշտ մնալու եմ այն կարծիքին, որ Ադրբեջանը տարիներ շարունակ պլանավորված առևանգումներ է կատարում»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է:
Այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով:










