2018-ից ՀՀ-ում հաստատվել է ամենաազգային իշխանությունը և կառավարությունը. խավարամիտների կողմից «ախմախություններ» են տարածվում, մինչդեռ այժմ ՀՀ-ում լուսավորչական շարժում է. Արայիկ Հարությունյան

21:49 • 26.08.20

Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ 2018-ից սկսած ՀՀ-ում հաստատվել է ամենաազգային իշխանությունը և կառավարությունը, որը հարգում է իր ավանդույթները, պատմությունը, և այդ ազգային հիմքի վրա ձևավորում է երեխաների համար նոր ապագա, ազգային արժեքների հիմքի վրա ձևավորում է այնպիսի քաղաքացի, որն ասելիք է ունենալու ապագայում, մեր օրերում, և ՀՀ-ն նորովի է ներկայացնելու ամբողջ աշխարհում իր գիտությամբ, կրթությամբ, իր ուժեղ բանակով: Այս մասին ֆեյսբուքայն իր էջի ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, թե այդ ամենի համար անհրաժեշտ է ունենալ ուժեղ դպրոց՝ իրական գիտելիքի, իրական կրթության, ազգային ավանդույթների վրա հենված:

«Այս խավարամիտների բանակը, որ հիմա պայքարում է մեր իշխանության և այն փոփոխությունների դեմ, որ ներկայում տեղի են ունենում, իրենք են եղել նախորդ իշխանության և նրանց ձևավորած կրթական համակարգի հիմքը: Եթե մեզ այդ համակարգը դուր է գալիս, ապա 2018-ին չէինք ընդվզի այդ ամենի դեմ, որովհետև կրթական համակարգի դեմ ընդվզումն էլ էր, որ ՀՀ-ում բերեց հեղափոխության»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ հանրակրթական պետական չափորոշիչը և առարկայական չափորոշիչները կարդալու դեպքում հասկանալի կլինի, թե որքան ազգակենտրոն են դրանք, թե որքան են հենված ազգային ավանդույթների, արժեքների, ինքնության վրա:

«Մենք ինչպես կարող ենք անընդհատ արձագանքել ակնհայտ կեղծիքների, որոնք արվում են նաև հայտնի գիտնականների շուրթերով: Ոնց արձագանքնենք ակնհայտ ստին, որ «Հայկական լեռնաշխարհ» եզրույթն ընդհանրապես հանված է, և դրա փոխարեն թուրքական Անատոլիա եզրույթն է: Ոնց արձագանքենք ստին, թե «Գրականություն» առարկայից հանվում է հայ բառը, երբ 7-9-րդ դասարաններում արդեն իսկ եղել է ընդհանուր գրականություն: Ոնց արձագանքնենք ստին, թե ծրագրերից հանված են Մեսրոպ Մաշտոցը, Նարեկացին, Սայաթ-Նովան»,-ասաց նա՝ նշելով, թե այս ստերը տարածվում են բոլորին իրական բարեփոխումների օրակարգից շեղելու նպատակով։

«Ոնց արձագանքենք այն ամենին, որոնք հիմարություն են, քաղաքային սլենգով ասած՝ «ախմախություններ». դա մեզանից ժամանակ կտանի: Մենք պարբերաբար թողնելու ենք, որ իրենք իրենց հիմարությունները դուրս տան, ստերն ասեն, փաթեթով հերքնենք, գնանք առաջ»,-ասաց նա՝ հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին:

Նրա խոսքով՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ն անում է առավելագույնը՝ ապահոբելու երեխաների լուսավոր ապագան. «Սա ՀՀ-ի համար լուսավորչական նոր շարժում է, որովհետև տասնամյակներ շարունակ այս փոփոխությունների դեմ պայքարողները մեզ տարել են դեպի խավար, հիմա խավարից ինչ-որ ձայներ են փորձում հանել, մենք խավարամիտներին կթողնենք խավարի մեջ»,-ասաց նա: