Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները ցույց են տվել, որ այն իմունային արձագանք է առաջացնում բոլոր տարիքի մարդկանց մոտ

21:40 • 26.08.20

Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնած Moderna ընկերությունից հայտնել են, որ իրենց ստեղծած փորձնական պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ անվտանգ է և իմունային արձագանք է առաջացնում բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչների մոտ, այդ թվուm` տարեցների:

Ինչպես փոխանցում է CNN-ը, պատվաստանյութի անվտանգության փորձարկումների փուլի արդյունքում ստացված տվյալները ցույց են տվել, որ դեղամիջոցը միայն աննշան կողմնակի ազդեցություն է ունենում, սակայն իմունային արձագանք է առաջացնում բոլորի մոտ:

Գիտափորձին մասնակցել են 18-71 տարեկան կամավորներ: Նրանք բոլորը 100 մգ չափաբաժնով երկու ներարկում են ստացել 28 օրվա տարբերությամբ:

Նշվում է, որ գիտափորձի բոլոր մասնակիցների մոտ չեզոքացնող հակամարմիններ են առաջացել, որոնք ապաակտիվացնում են վիրուսը:  

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստանալուց հետո ամենատարածված ախտանշաններն են եղել թուլությունը, գլխացավը, մկանային ցավն ու դողը: Սակայն ախտանշանների մեծ մասը վերացել են երկու օրվա ընթացքում: