Զախարովան արձագանքել է Նավալնիի հետ կապված իրավիճակի շուրջ Արևմուտքի հայտարարություններին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Россия 1 հեռուստաալիքի եթերում ելույթ ունենալով` անպարկեշտ է անվանել Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացման վերաբերյալ արևմտյան երկրների դիրքորոշումը։
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգենը հայտնել էր, որ բլոգերի դեմ մահափորձի վարկածի հաստատման դեպքում ամերիկյան կողմը միջոցներ կձեռնարկի:
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվայում նման հայտարարություններին առանց զարմանքի են վերաբերվում:
«Իմ կարծիքով շատ տարօրինակ է, և հավանակորեն անգամ անպարկեշտ է հայտարարել պատժամիջոցների և միջոցառումների մասին, երբ սեղանին փաստեր չկան դրված, դրանք ընդհանրապես չկան»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատացել էր Տոմսկ քաղաքից Մոսկվա թռչելիս: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ նրան հոսպիտալացրել էին ինտոքսիկացիայի կասկածանքով: Հետագայում Օմսկի հիվանդանոցի բժիշկները հայտնել էին, որ նրա ինքնազգացողության վատթարացման պատճառը նյութափոխանակության խանգարումն է, որի հետևանքով կտրուկ արյան մեջ նվազել էր շաքարի պարունակությունը:
Շաբաթ օրը նրան տեղափոխել էին Գերմանիա, որտեղ բժիշկները հայտարարել էին, որ Նավալնիի օրգանիզմում խոլինէսթերազի արգելակիչների հետքեր են հայտնաբերել, ինչը խոսում է թունավորման մասին: Նավալնին դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ:










