Ստեփանավանի ավագանու 14 անդամներից 7-ը հրաժարականի դիմում են ներկայացրել. ՏԿԵՆ-ից ասում են, որ ավագանու լիազորություններն այլևս իրավաչափ չեն, նոր ընտրություններ պետք է լինեն

13:40 • 27.08.20

Ստեփանավանի ավագանու 14 անդամներից 7-ը միաժամանակ հրաժարականի դիմում են ներկայացրել: Ավագանու մյուս անդամներն արտահերթ նիստ են գումարել, ընդունել նրանց հրաժարականներն ու ավագանին լուծարված համարել:

Tert.am-ը կապ հաստատեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ` պարզելու, թե արդյո՞ք Կառավարությունը օրինական կհամարի ավագանին լուծարելու մասին Ստեփանավանի ավագանու որոշումը:

Աշոտ Գիլոյանի խոսքով՝ ավագանու որոշումներով ընդունված արձանագրություններն օրինական համարելու խնդիր Կառավարությունը չունի, քանի որ օրենքով սահմանված կարգով ավագանու հրաժարականի վերաբերյալ արձանագրությունը մարզպետարանի միջոցով ներկայացվել է նախարարություն:

«Ավագանու լիազորություններն այլևս իրավաչափ չեն, քանի որ համայնքի ավագանու վերաբերյալ օրենքով՝ սահմանված թվի կեսից ավելին հրաժարական են տվել: Ստեփանավանի դեպքում օրենքով սահմանված թվաքանակը 15-ն է, անցած տարի մեկ հոգի հրաժարվելու դիմում է գրել և դուրս է եկել, 7-ն էլ հիմա են հրաժարվել, դարձել են 8 հոգի, այսինքն՝ իրավազոր չէ մնացած 7 անդամով ավագանի լինելը, ինչը` համաձայն 23 հոդվածի, լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում է, և ընտրության նոր օր է նշանակվում»,- պարզաբանեց Աշոտ Գիլոյանը:

Նրա խոսքով` նախագիծը դեռ շրջանառության չի դրվել, օրենսդրության համաձայն` նախարարությունը նշանակում է ընտրական հանձնաժողով, հերթական ընտրությունների մոտավոր օրը: Իսկ արտակարգ դրությամբ պայմանավորված` նախարարության կողմից հերթական ընտրությունները դեռ նշանակված չեն, և միայն համավարակը հաղթահարելուց հետո ընտրական հանձնաժողովը կարող է դիտարկել հարցը:

«Ընտրական հանձնաժողովի կողմից նշանակված օրը հոկտեմբերի 18-ին է, բայց ենթադրվում է, որ հոկտեմբերի 18-ին ընտրությունը չի կարող լինել, և երբ արտակարգ դրությունն ավարտվի, և պանդեմիան նահանջի, ընտրական հանձնաժողովը կնշանակի օրը: Նախարարությունը անմիջապես որոշման նախագիծը շրջանառության մեջ կդնի ու կներկայացնի Կառավարության հաստատմանը, որից հետո Կառավարությունը մոտակա օրը կնշակի Ստեփանավանի ավագանու ընտրություն, որը այսուհետ լինելու է համամասնական ընտրակարգով ՝ կուսակցությունների կամ կուսակցական դաշինքների միջոցով ընտրական ցուցակներով»,- ընդգծեց նա: