Ճանապարհային ոստիկանությունը 25.000 դրամի ոչ արդարացված ակտ է կազմել. ասել է՝ մենք հիմա բյուջե պետք է լցնենք, թե՝ չէ. քաղաքացին՝ իրեն անհիմն տուգանելու մասին

17:43 • 27.08.20

Երկու օր առաջ, Արարատի մարզում Ճանապարհային Ոստիկանությունն ինձ կանգնեցրել է, ասել, թե ինձ տուգանում են, քանի որ մեքենայիս ապակիները սահմանվածից մուգ են, ամբողջ ընթացքում լեյտենանտ Միսակ Սողոմոնյանը /Շաղափլու գյուղի բնակիչ է/ շատ կոպիտ ու վիրավորական տոնով է խոսել: Ինձնից որևէ բացատրություն չի ուզել լսել, ասել է՝ գնացեք, ուր ուզում եք դիմեք, ես ակտը գրելու եմ:

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչ Բենիամին Կիրակոսյանը՝ ներկայացնելով, որ Ճանապարհային Ոստիկանության մոտեցումը սխալ, անհիմն և ոչ արդարացված է եղել:

«Լեյտենանտին ներկայացրի, որ մեքենան գործարանից գնված է և այս ընթացքում որևէ փոփոխություն չի եղել ապակիների վրա, ինձ պատասխանում է՝ Դուք ինձ չպետք է ասեք, մենք հիմա բյուջե պետք է լցնենք, թե՞ չէ: Ասում եմ՝ իմ հաշվի՞ն եք բյուջե լցնելու, իմ մեքենան հին է ու կրկնել եմ, որ գործարանային է»,-ասաց նա և հավելեց, որ յուրաքանչուր ստուգում ցույց է տվել, որ իր մեքենայի ապակիների վրա որևէ փոփոխություն չի եղել, սակայն լեյտենանտը պնդել է, թե իր ապարատն այդպես է ցույց տալիս:

Բենիամին Կիրակոսյանը նշեց, որ ամեն դեպքում լեյտենանտ Սողոմոնյանն արձանագրություն է կազմել, ըստ որի՝ քաղաքացին պետք է 25.000 դրամի ակտ վճարի խախտման համար, քաղաքացին գրել է, որ համաձայն չէ որոշման հետ և հրաժարվում է այն վճարելուց: Քաղաքացին շեշտեց, որ որևէ կերպ չի ուզել Ճանապարհային ոստիկանի և իր միջև խնդիր առաջացնել, փորձել է լեյտենանտի հետ կապ հաստատել, որն էլ ասել է, թե քաղաքացու հետ որևէ խոսելու թեմա չունի:

Ըստ նրա՝ իր անմեղությունն ապացուցելի է և պատրատ է մինչև վերջ դա ներկայացնել, քանի որ նրա խոսքով՝ լեյտենանտը կոպիտ ու անքաղաքավարի է խոսել իր հետ: Նա նշեց, որ այդ տուգանքի մասին դեռ ծանուցում չի ստացել:

Դեպքի մասով Tert.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Ոստիկանությունից, սակայն Ոստիկանության լրատվականից փոխանցեցին, որ ճիշտ կլինի՝ քաղաքացին իր բողոքը Ոստիկանություն ներկայացնի, որից հետո կստանա իր խնդրի վերաբերյալ պատասխանը: