Նավալնիին կարող էին թունավորել նույն նյութով, ինչով 2015-ին թունավորել են բուլղարացի գործարար Գեբրևին․ գերմանացի բժիշկները դիմել են բուլղարացի գործընկերներին
Բեռլինի «Շարիտե» կլինիկայի բժիշկները, որոնք բուժում են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, դիմել են բուլղարացի գործընկերներին՝ ռուս գործչի թունավորման և բուլղարացի գործարար Եմելյան Գեբրևի դեմ մահափորձի միջև հնարավոր նմանության պատճառով, որին, ենթադրաբար, թունավորել են «Նովիչոկ» դասի նյարդապարալիտիկ նյութով: Այս մասին ասված է Der Spiegel-ի և Bellingcat-ի համատեղ հետաքննության մեջ։
Բժիշկները կարծում են, որ Նավալնիի և Գեբրևի թունավորման ժամանակ կարող էին նմանատիպ նյութեր օգտագործվել, գրում են հետաքննության հեղինակները: Նրանց տվյալներով՝ բժիշկները չեն բացառում, որ Նավալնիին թունավորել են օրգանոֆոսֆատների ընտանիքից նյութով, որոնց թվում է «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութը: Այս վարկածը դեռևս չի հաստատվել։
Զենքի վաճառքով զբաղվող Եմելյան Գեբրևը ծանր թունավորման նախանշաններով հոսպիտալացվել էր 2015 թվականին։ Հետագայում Հելսինկիի լաբորատորիայի մասնագետները Գեբրևի օրգանիզմում հայտնաբերել էին երկու օրգանոֆոսֆատների (պեստիցիդների) հետքեր:
Դրա հիման վրա եզրակացվել է, որ Եմելյան Գեբրևին փորձել են թունավորել «Նովիչոկ» դասի նյարդապարալիտիկ նյութով։
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատացել էր Տոմսկ քաղաքից Մոսկվա թռչելիս: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ նրան հոսպիտալացրել էին թունավորման կասկածանքով: Հետագայում Օմսկի հիվանդանոցի բժիշկները հայտնել էին, որ նրա ինքնազգացողության վատթարացման պատճառը նյութափոխանակության խանգարումն է, որի հետևանքով արյան մեջ կտրուկ նվազել էր շաքարի պարունակությունը:
Շաբաթ օրը նրան տեղափոխել էին Գերմանիա, որտեղ բժիշկները հայտարարել էին, որ Նավալնիի օրգանիզմում խոլինէսթերազի արգելակիչների հետքեր են հայտնաբերել, ինչը խոսում է թունավորման մասին: Նավալնին դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ:










